Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը Հարավային Կովկասի քաղաքական գործիչների ֆորումում

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը Հարավային Կովկասի քաղաքական գործիչների ֆորումում
29.04.2014 | 12:30

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամները ապրիլի 26-27-ը Վրաստանի Քութաիսի քաղաքում՝ վրացական խորհրդարանում, երկրորդ անգամ մասնակցեցին Հարավային կովկասի երիտասարդ քաղաքական գործիչների ֆորումին։ Այն կազմակերպել էր Բազմակուսակցական ժողովրդավարության Նիդերլանդների ինստիտուտը։ Համաժողովին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի քաղաքական կուսակցությունների ակտիվ երիտասարդները:

Երկօրյա համաժողովը բաղկացած էր երկու լիագումար նիստից և վեց աշխատանքային խմբերից, որոնց պետք է մասնակցեին քառասունհինգ երիտասարդ քաղաքական գործիչներ Հարավային Կովկասի երեք երկրների խորհրդարանական կուսակցություններից:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները ելույթ ունեցան << Երիտասարդների դերը քաղաքականության մեջ>> և <<Կրթություն և նորարարություն>> թեմաներով: Նրանք ներկայացրեցին այն ձեռքբերումները, որ ունի Հայաստանի Հանրապետությունը կրթական բարեփոխումների, նոր մշակույթի, նոր տեխնոլոգիաների ներդրման, նորարարության բնագավառներում: Մասնավորապես անդրադարձ կատարվեց ՀՀ կառավարության գերակա ուղղություններից մեկին` կրթությանը: Նշվեց, որ ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարային պահանջները, մտավոր ներուժի պահպանման և առավել արդյունավետ զարգացման խնդիրները խիստ անհրաժեշտ են դարձրել հանրապետության կրթական համակարգերի բազմակողմանի բարեփոխումների իրականացումը, որը կապահովի համակարգի համապատասխանությունը շուկայական տնտեսության պահանջներին և կնպաստի, որ պատրաստվող մասնագետների գիտելիքների մակարդակն ու որակավորոման աստիճանները համապատասխանեն համաշխարհային չափանիշներին:

Քննարկման թեմաներից էին նաև քաղաքական համակարգերը Հարավային Կովկասում, տնտեսության և բիզնեսի զարգացումը, Հարավային Կովկասի երկրների արտաքին քաղաքական առաջնայնությունները, մարդու իրավունքները և այլն:
Փակման խոսքի պատիվը տրված էր ՀՀԿ ԵԿ պատվիրակ Հայկ Մամիջանյանին, ով իր ելույքում անդրադարձավ որոշումների կայացման գործընթացներին երիտասարդության մասնակցության հարցին: Նա մանրամասն ներկայացրեց, թե ինչ ներդրում կարող են երիտասարդներն ունենալ քաղաքականության մեջ և ինչպես նրանք կարող են ավելի մեծ մասնակցություն ունենալ քաղաքական գործընթացներին:
Մասնակիցներին հատկապես զարմացրեց այն փաստը, որ ՀՀ երիտասարդ քաղաքական գործիչները այդքան մեծ ներգրավվածություն ունեն ՀՀ քաղաքական համակարգում և որոշումների կայացման գործընթացներում:
Համաժողովի փակման ամփոփիչ ելույթներում կազմակերպիչները հատուկ նշեցին ՀՀԿ պատվիրակի ներդրումը ծրագրի նախապատրաստական հանդիպմանը:

Դիտվել է՝ 675

Մեկնաբանություններ